Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվել
Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում՝ Ջիզանի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ օբյեկտը ենթարկվել է թշնամական օդային զենքի հարվածի։ Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել։ Արտադրական հզորությունների մի մասի աշխատանքը դադարեցվել է։
Նախնական տվյալներով՝ զոհվածը Նեպալի քաղաքացի է։ Տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող տուժածները ստանում են բժշկական օգնություն։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների և տեխնիկական ծառայությունները։ Ներկայումս գնահատվում է պատճառված վնասը և ստուգվում գործարանի օբյեկտների անվտանգությունը։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը չի հստակեցրել, թե ով է կանգնած հարձակման հետևում։ Սակայն ավելի վաղ երկրի գլխավորած կոալիցիան հարձակման պատասխանատվությունը վերագրել էր «Անսար Ալլահ» զինված խմբավորմանը։