Իրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկությունները
Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ TikTok-ում, տեսանյութեր են տարածվել այն պնդումներով, թե Իրանը ծանր ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ։
Ադրբեջանում Իրանի դեսպանատնից APA գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կադրերի նկարահանման հստակ վայրն ու ժամանակը հայտնի չեն, ուստի դրանց վերաբերյալ մեկնաբանություն տալը հնարավոր չէ։
Միաժամանակ դեսպանատանը նշել են, որ Իրանի կողմից, որպես ռազմական ագրեսիայի ենթարկվող երկրի, անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների իրականացումը միանգամայն բնական է։
Դեսպանատունը հորդորել է զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների ու նյութերի տարածումից, ինչպես նաև դրանք այնպիսի կերպ մեկնաբանելուց, որը կարող է վնասել երկու երկրների բարեկամական հարաբերություններին։