Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում դեմքը ծածկող հագուստ կրելը։ Արգելքը տարածվում է նաև աշակերտուհիների՝ բուրկա և փարանջա կրելու վրա։ Այն չի վերաբերում նիքաբ տեսակի գլխաշորերին, որոնց դեպքում դեմքը բաց է մնում։
Փաստաթղթում նշվում է, որ հաղորդակցությունը միայն արտասանված խոսքի ընկալումը չէ, այն ենթադրում է նաև մարմնի լեզվի և դեմքի արտահայտությունների ընկալում։ Ըստ օրենքի՝ աշակերտները չպետք է դասերին ներկայանան այնպիսի հագուստով, որը դժվարացնում է նրանց ինքնությունը պարզելն ու հաղորդակցությունը։
Օրենքը դպրոցներին նաև ավելի լայն լիազորություններ է տալիս աշակերտների կողմից բռնության և սպառնալիքների դեմ պայքարում։ Մասնավորապես, աշակերտները կարող են մինչև մեկ ամիս հեռացվել դասերից։
Դպրոցներում և այլ հասարակական վայրերում փարանջա կամ նիքաբ կրելու արգելքի հարցը նախկինում ևս բարձրացվել է տարբեր երկրներում։ 2023 թվականին նման արգելք է սահմանվել Շվեյցարիայում, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է դպրոցներում փարանջա և նիքաբ կրելու արգելք նախատեսող օրինագիծ մշակելու մասին։