Պատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը արհեստական բանականությունն անվանել է միջուկային զենքից ավելի հզոր ուժ՝ մտահոգություն հայտնելով մարդկության ապագայի վերաբերյալ։
«Ոմանք արդեն արհեստական բանականության խորհուրդներն ընդունում են որպես օբյեկտիվ ճշմարտություն՝ ի տարբերություն մարդկային հակասական ու սահմանափակ կարծիքների։ Առաջանում է մի տեսակ պատգամախոսի՝ գրեթե անվիճելի հայտնության աղբյուրի ի հայտ գալու հեռանկար։ Իսկ մյուսները վախենում են, որ ռոբոտների բանակի միջոցով կենսապահովման բոլոր գործընթացների կառավարումը կենտրոնացնելով իր ձեռքում՝ արհեստական բանականությունը կարող է որոշել, որ մարդիկ ընդհանրապես ավելորդ օղակ են արտադրական այդ շղթայում։ Այդ դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում մարդկությանը։ Երբեք այսքան մոտ չի թվացել Ապոկալիպսիսի մարգարեությունների իրականացումը»,- ասել է պատրիարքը՝ ելույթ ունենալով Համաշխարհային ռուսական ժողովրդական խորհրդի նիստում։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նաև հայտարարել է, որ ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ Ռուսաստանը դիտարկում են որպես փրկության տապան և քրիստոնեական արժեքները պահպանելու ունակ երկիր։
Նրա խոսքով՝ օտարերկրացիները գալիս են Ռուսաստան՝ փնտրելով այն, ինչ կորցրել են իրենց հայրենիքում։