ՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը բանակցություններ է վարել Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախորդ տարի երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 4 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին 10 ամիսներին՝ 3,1 տոկոսով։ Նախորդ տարի օդային ուղևորահոսքն ավելացել է 8 տոկոսով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 20 տոկոսով։
Անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Նիկիտինը հայտնել է, որ նշանակվել է այդ միջանցքի զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի երկաթուղային վարչությունների համատեղ աշխատանքի արդյունքում բեռնարկղային գնացքների առաքման միջին ժամկետը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 33 օրից դառնալով 16 օր։
Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնել համատեղել իր «Լոտուս» և ղազախական SmartCargo թվային տրանսպորտային հարթակները, ինչպես նաև շարունակել Չինաստան-Ռուսաստան և Չինաստան-Բելառուս երթուղիների թվայնացումը։
Նշվել է, որ 2026 թվականի մայիսին Մոսկվա-Աստանա երթուղով իրականացվել է աշխարհում առաջին անդրսահմանային բեռնափոխադրումը, որի առանձին հատվածներում կիրառվել է ինքնավար կառավարման ռեժիմ։ Հոկտեմբերին էլ փորձնականորեն իրականացվել է ավտոմոբիլային բեռնափոխադրում՝ էլեկտրոնային բեռնագրի՝ e-CMR-ի կիրառմամբ։
Հաջորդ քայլը ԵԱՏՄ ամբողջ տարածքում e-CMR համակարգի լիարժեք ներդրումն է։