«ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»
«ԿինոՄոսկվա» կինոթատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։
ԿինոՄոսկվան չի մասնակցել հիշյալ բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չի դիտել Արցախի և Հայաստանի ազգային հերոս «Մոնթե» ֆիլմը և չի պատրաստվում դիտել․ «Ես միայն կարող եմ ասել, որ «ԿինոՄոսկվայի» վրա տեսա, որ ավտոմատներով պարում են, ու ավելի աբսուրդ տեսարան պարզապես դժվար է պատկերացնել։ Եկեք Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Հայաստանն էլ մի կողմ թողնենք, ասենք, եվրոպական մի երկրից նայում են Երևանի կենտրոնում թիվ մեկ կինոթատրոնի վրա մարդիկ ավտոմատներով պարում են։ Այսինքն, մենք սա չենք տեսնում, հետո զարմանում ենք, թե ինչու է էն մի բանն էսպես, էն մեկը՝ էնպես․ դա աբսուրդ է. հետո ասում են, թե Հայաստանում բռնատիրություն է։ Ո՞վ էր թույլ տվել այդ մարդկանց ավտոմատներով պարել. գային, ասենք, կառավարության շենքի ներսում պարեին, գնային, ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»,- հայտարարել է Փաշինյանը։