Ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողներից նույնպես ՀԴՄ կտրոն կպահանջվի. Փաշինյան
Հայաստանում ցանկացած առևտրային գործարք, այդ թվում՝ ճամփեզրերին չիչխան, սունկ կամ եգիպտացորեն վաճառելը, պետք է հարկային պարտավորություն առաջացնի։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի առևտրային գործարքները, որոնց դիմաց ՀԴՄ կտրոն չի տրամադրվում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, և մշակվում է համապատասխան նախագիծ։
«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ Հայաստանում այդպիսի առևտրային գործարք չլինի, որը ՀԴՄ չի գեներացնում։ Ընդհուպ մինչև ճամփեզրերին տարբեր տեսակի առևտրային գործունեությունը՝ սկսած եգիպտացորեն, չիչխան, սունկ վաճառողներից։ Առևտրային գործարքը պետք է որոշակի հարկ գեներացնի»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գործընթացի նպատակն է, որ քաղաքացիները տեսնեն իրենց վճարած հարկերի ազդեցությունն իրենց կյանքի որակի վրա՝ առողջապահության, ճանապարհների, դպրոցների, անվտանգության և այլ ոլորտներում։
«Մարդիկ պետք է զգան, որ իրենցից գումար չեն վերցնում և տալիս ուրիշին, այլ իրենք են գեներացնում այդ միջոցները՝ իրենց կյանքի կազմակերպման և որակի բարձրացման համար»,- ասել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև անկանխիկ վճարումների խրախուսման մեխանիզմներին՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է ներդնել քեշբեքի համակարգ, որը կխրախուսի անկանխիկ գործարքները և կնպաստի կանխիկի օգտագործման կրճատմանը։ Նախատեսվում է, որ այդ մեխանիզմը ևս հասանելի կլինի հավելվածի միջոցով։
ՀԴՄ կտրոնների պարտադիր տրամադրման պահանջին անդրադառնալով՝ նա նշել է, որ արդեն մշակվում է օրենքով սահմանված բացառությունների ցանկը վերանայելու նախագիծ։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ որոշ ոլորտներում ՀԴՄ կտրոն տրամադրելու պահանջ չկա, սակայն նախատեսվում է կրճատել այդ բացառությունների շրջանակը։ Փաշինյանը հավելել է, որ տեխնիկական հնարավորություններն արդեն թույլ են տալիս այդ ոլորտները ևս ներառել ՀԴՄ կիրառման համակարգում։
Որպես օրինակ՝ նա նշել է ճանապարհամերձ առևտրի կետերը, այդ թվում՝ Դիլիջանի ոլորաններում եգիպտացորեն վաճառողներին։ Նրա խոսքով՝ այդ կետերից մի քանիսում արդեն տեղադրված են ՀԴՄ սարքեր, և գործընթացն աստիճանաբար առաջ է ընթանում։