Վճռաբեկ դատարանը պատրասվում է սպասարկել քաղաքական շահը. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին (տեսանյութ)
Հրատապ ասուլիս հրավիրելու պատճառը Դավիթ Համբարձումյանի՝ դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունն է։ Նա «Կառուցող համայնք» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։ Համբարձումյանն ընդդիմադիր գործիչ է, իսկ Մասիս համայնքը բնութագրվում է որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնք։ Այս հանգամանքներով է, ըստ էության, պայմանավորված նաև նրա նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ Վճռաբեկ դատարանից ծանուցում են ստացել, ըստ որի՝ նոյեմբերի 27-ին կհրապարակվի Համբարձումյանի գործով վերջնական որոշումը։
«Վճռաբեկ դատարանի կողմից գործի հրատապ քննությունը մենք պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններով։ Մտահոգություն ունենք, որ Վճռաբեկ դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որը հնարավորություն կտա Դավիթ Համբարձումյանին չեզոքացնել դեկտեմբերի 13-ի ընտրություններից առաջ։
Մեր մտահոգությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ է ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին, և իմ մասնագիտական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ դատական ակտի ստուգման արդյունքում դատարանն այդքան կարճ ժամկետում որոշում կայացնի։ Սա, ըստ էության, ուղղակիորեն կապված է քաղաքական շահի սպասարկման հետ»,- ասաց Պապոյանը։
Նա նաև հայտնեց, որ արդեն իսկ համապատասխան գրություններ են ուղարկել ԵԱՀԿ կառույցներին։
Անդրադառնալով հարցին, թե տարօրինակ չէ՞, որ ՔՊ-ական թեկնածուն, որի նկատմամբ ընթանում է ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, անարգել քարոզարշավ է իրականացնում, մինչդեռ Համբարձումյանի նկատմամբ նման խոչընդոտներ են ստեղծվում, Պապոյանը նկատեց.
«ՔՊ-ական թեկնածուն հանգիստ իր համար շրջում է։ Մենք Դավիթ Համբարձումյանի միայն փաստաբանները չենք, մենք նրա ընկերներն ենք, Մասիս համայնքի բնակիչներ ենք և մասնակցելու ենք նաև ՏԻՄ ընտրություններին»։