Երբ երաժշտությունը դառնում է կամուրջ, իսկ պարը՝ «Մասունք»․ կայացավ HENK BAND-ի համերգը (տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբերի 24-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային կենտրոնում կայացավ «Երաժշտությունը որպես կամուրջ» խորագրով համերգը՝ «ՀԵՆՔ» Համազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։
Մալաթիայի Հայորդյաց տան հոգևոր սպասավոր Տեր Նահապետ քահանա Կարապետյանի օրհնությամբ միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով՝ ներկաներին համախմբելով աղոթքի շուրջ և հաղորդելով համերգին հոգևոր ու խորհրդանշական խորհուրդ։
Աղոթքով տրված մեկնարկից հետո բեմը տրամադրվեց երաժշտությանը․ ներկաների համար ելույթ ունեցավ HENK BAND-ը՝ ներկայացնելով իր երաժշտական կատարումները:
«ՀԵՆՔ» Համազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում այն համոզմունքն է, որ երաժշտությունն ու մշակույթը հասանելի պետք է լինեն բոլորին՝ անկախ տարիքից, սոցիալական վիճակից կամ ֆիզիկական հնարավորություններից։
Համերգի նպատակն էր երաժշտության միջոցով արժևորել հավասար հնարավորությունները, փոխըմբռնումն ու համերաշխությունը։
««Երաժշտությունը որպես կամուրջ» նախաձեռնությունը կարևոր ուղերձ էր մշակութային հասանելիության և հասարակական ներառականության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և հասանելի պետք է լինի յուրաքանչյուրին»,- նշել է Լիլիթ Սահակյանը։
HENK BAND-ի կատարումները ներկաներին մի պահ կտրեցին առօրյա հոգսերից՝ տեղափոխելով երաժշտական հիշողությունների աշխարհ։ Հնչող երգերը կարծես մտովի ճանապարհորդություն դարձան դեպի անցյալ՝ արթնացնելով սերունդներից սերունդ փոխանցված, իրենց արմատներով ու պատմություններով հարուստ երգերի հիշողությունները։ Դրանք երգեր էին, որոնք տարիների ընթացքում պահպանվել են մարդկանց հիշողության մեջ և փոխանցվել բերնեբերան՝ դառնալով ազգային երաժշտական ժառանգության մի մաս։
Երաժշտական այս տրամադրությունը շարունակվեց նաև «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի ելույթով։ «Մասունք» համույթն իր բաժին մասունքներն էր բերել՝ հայկական ազգային պարի գանձարանից։
Համույթի ելույթում առանձնացավ մարտական «Յարխուշտա« պարը, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք այլ ավանդական պարային համարներ՝ բեմ բերելով ազգային պարի ուժը, ոգին ու դարերի խորքից եկող ավանդույթները
HENK BAND-ի և «Մասունք» համույթի մասնակցությամբ համերգը մեկտեղեց երաժշտությունն ու ազգային պարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արվեստի միավորող դերն ու մշակույթի հասանելիության կարևորությունը։
Արմինե Մկրտումյան