Ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել «ալիևյան սահմանադրությունը»․ Տիգրան Քոչարյան
Նստել ու քննարկել, թե ՀՀ քաղաքացին որ հոդվածով կարող է զրկվել քաղաքացիությունից, իսկ որ հոդվածով՝ ոչ, նշանակում է մտնել Սահմանադրության «Այո» և «Ոչ»՝ Փաշինյանի երազած օրակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Պետք է կողմնորոշվել՝ կամ դա «Ալիևի սահմանադրությունն» է (որպես ոլորտի մարդ՝ ասեմ, որ հաջողված բրենդինգ ստացվեց) և պետք է մերժվի ի սկզբանե, կամ դա Նիկոլի՝ «խաղաղություն» բերող սահմանադրությունն է ու քննարկելի է։
Եթե Ալիևն ունի նախապայման, որ նոր Սահմանադրությունից պետք է դուրս գա Անկախության հռչակագրի վրա հղումը, ապա ընդդիմության՝ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու նախապայմանը պետք է լինի Փաշինյանի ու ՔՊ-ի հրաժարականը, ժամանակավոր կառավարական խորհրդի ստեղծումը՝ ընդդիմադիրների որոշիչ ձայնով, ընդդիմադիր առաջնորդների անհապաղ ազատ արձակումը, ընդունված սահմանափակող օրենքների հետկանչումը։
Հազվադեպ է լինում, որ գնդակն ընդդիմության դաշտում է, և իր 6 ձայնից է կախված ապագա պրոցեսների զարգացումը։
Այնտեղ, որտեղ ընդդիմությունը կարող է Նիկոլին պայմաններ թելադրել։ Իսկ եթե Նիկոլը դա չի ընդունում, ապա դրա համար ավելի ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել ալիևյան սահմանադրության այս կամ այն հոդվածը»։