Անգրագետ էշ լինելը բնավ քննարկման արժանի չէ, երբ գործ ունենք դասական դավաճանության հետ․ Ռուբեն Մելիքյան
Բեռլինում բնակվում էինք մի հատվածում, որը մինչ Հոլոքոսթը՝ եղել հրեական թաղամաս։ Հետաքրքիր էր, որ պետքարանը մի քանի աատիճան բարձր էր բնակարանի մակերևույթից և բավական ընդարձակ էր։ Նման բան ուրիշ տեղ չէի տեսել, և տանտիրոջը հարցրեցի, թե ինչու է այդպես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով լուսանկար։
«Պարզվեց՝ ի՞նչ։ Մի անչափ հետաքրքիր, դաժան և ուսանելի պատմություն։ Պարզվեց՝ հրեաները սնունդ ընդունելուն ծիսական մեծ կարևորություն են տալիս, և այդ փաստը ազդել է Բեռլինի շատ հրեաբնակ շենքերի հատակագծերի վրա. խոհանոցը տեղակայված էր լինում 2-3 աստիճանով ավելի բարձր։
Ի՞նչ են անում ֆաշիստները՝ իշխանության գալուց անմիջապես հետո՝ 1932 կամ 1933 թվին։ Հատուկ դեկրետ են ընդունում, որով հրեաներին պարտադրում են բոլոր խոհանոցները վերածել զուգարանների։ Դա մեծագույն նվաստացում էր հրեաների համար։
Այնուհանդերձ, վստահ եմ՝ հրեաների մեջ եղել են մարդիկ, որոնք մտել են բովանդակային քննարկման մեջ, սկսել են փաստարկել, որ նշված տարածքում զուգարանները թերևս ավելի հարմարավետ են - ի՞նչ եք խառնվել իրար։
Թե ինչ եղավ մի քանի տարի հետո՝ հայտնի է բոլորիս։
Իսկ այս պատմությունն այսօր շատ ուսանելի է հատկապես մեզ՝ հայերիս համար։ Մի՛ մտեք նվաստացուցիչ պարտադրանքի բովանդակային քննարկման մեջ։ Հատկապես իրավաբան ընկերներին եմ դիմում - գայթակղությանը մի՛ տրվեք՝ վեր հանելու անգրագետ էշերի կազմած տեքստի սխալներն ու այլանդակությունները։ Անգրագետ էշ լինելը բնավ քննարկման արժանի չէ, երբ գործ ունենք դասական դավաճանության հետ»։