ԿԿՄ-ԽՄԿԿ-ն կոչ է անում Ծառուկյանի կալանքը փոխարինել տնային կալանքով
Կոմունիստական կուսակցությունների միության՝ ԽՄԿԿ-ի (ԿԿՄ-ԽՄԿԿ) Կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդման առնչությամբ։ Խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նրա կալանքը փոխարինել տնային կալանքով։
Հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 25-ին՝ Ծառուկյանի 70-ամյակի օրը։ Կազմակերպության գնահատմամբ՝ գործը հարցեր է առաջացնում հետապնդման հնարավոր քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է․ «Կոմունիստական կուսակցությունների միության՝ ԽՄԿԿ-ի Կենտրոնական խորհուրդը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի շարունակվող քրեական հետապնդման առնչությամբ։
2026 թվականի նոյեմբերի 5-ին դատարանը հերթական անգամ երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքը՝ ևս երեք ամսով։ Անազատության մեջ է մնում մի մարդ, որը տասնամյակներ է նվիրել իր երկրի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սպորտին աջակցելուն, բարեգործությանն ու սոցիալական լայնածավալ ծրագրերին։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդն այս իրավիճակում տեսնում է հայաստանյան ընդդիմության ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկի նկատմամբ քաղաքական հետապնդման նշաններ։ Լայնածավալ խուզարկությունները, նրա հետ փոխկապակցված ձեռնարկությունների գործունեության սահմանափակումները, կողմնակիցների մատնանշած ճնշումներն ու կալանքի բազմակի երկարաձգումը լուրջ հարցեր են առաջացնում հետապնդման իրական պատճառների վերաբերյալ։
Գագիկ Ծառուկյանը գործի մարդ է և հայրենասեր։ Նա տարիներ շարունակ զգալի ներդրում է ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Նրա ջանքերով ստեղծվել ու զարգացել են խոշոր ձեռնարկություններ, բացվել են հազարավոր աշխատատեղեր։ Նա աջակցել է աշխատավորական կոլեկտիվներին, կառուցել մարզական կառույցներ և օգնել կարիքավոր ընտանիքներին, վետերաններին, երիտասարդներին ու տաղանդավոր մարզիկներին։
Առանձնահատուկ է նրա ներդրումը հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում։ Գագիկ Ծառուկյանն աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն, օժանդակել եկեղեցիների կառուցմանն ու վերականգնմանը և նախաձեռնել ազգային ավանդույթների ու հոգևոր արժեքների պահպանմանն ուղղված բարեգործական ծրագրեր։ Դարեր շարունակ իր հավատը, մշակույթն ու ազգային ինքնությունը պահպանած հայ ժողովրդի համար այս գործունեությունը հատուկ նշանակություն ունի։
Ուշագրավ է նաև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային լայն աջակցությունը։ Նրան պաշտպանում են ոչ միայն իր հիմնադրած ձեռնարկությունների աշխատակիցները, այլև տարբեր կազմակերպությունների ու ոլորտների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և նրա հետ աշխատանքային կամ գործնական կապ չունեցող քաղաքացիներ։
Այս աջակցությունը դուրս է կորպորատիվ ու կուսակցական շահերի շրջանակից և վկայում է տասնամյակների գործունեությամբ վաստակած նրա հանրային հեղինակության մասին։ Մարդիկ նրան սատարում են ոչ թե ծառայողական կախվածության պատճառով, այլ գնահատելով նրա անձը, գործերն ու ներդրումը երկրի զարգացման մեջ։
ԿԿՄ-ԽՄԿԿ-ում միավորված կոմունիստական կուսակցությունները հատկապես կարևորում են Գագիկ Ծառուկյանի հետևողական դիրքորոշումը ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ընդհանուր պատմական հիշողության պահպանման և հետխորհրդային պետությունների համագործակցության զարգացման հարցերում։
Գագիկ Ծառուկյանը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության մյուս եղբայրական հանրապետությունների հետ Հայաստանի ավանդական կապերն ամրապնդելու օգտին։ Նա կարևորել է տնտեսական, մշակութային ու հումանիտար համագործակցությունը և այն պատմական ու հոգևոր արժեքների պահպանումը, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին։
Մենք բարձր ենք գնահատում եղբայրական հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու նրա ձգտումն այն ժողովուրդների միջև, որոնք միասին աշխատել ու արարել են, պաշտպանել ընդհանուր Հայրենիքը և Մեծ Հաղթանակ կերտել ֆաշիզմի դեմ։
Պատահական չէ, որ 2025 թվականի մայիսի 9-ին Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում մասնակցում էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի 80-ամյակի հանդիսավոր միջոցառումներին և ներկա էր Կարմիր հրապարակի զորահանդեսին, որտեղ պետությունների ղեկավարների ու պատվավոր հյուրերի հետ հարգանքի տուրք մատուցեց ֆաշիզմը ջախջախած հերոսների հիշատակին։
Այս պատմական տոնակատարություններին նրա մասնակցությունը խորհրդային ժողովրդի սխրանքի, միլիոնավոր զոհերի հիշատակի և մեր երկրների ընդհանուր պատմության հանդեպ հարգանքի դրսևորում էր։
Այս պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի հայ ժողովուրդը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շուրջ 600 հազար հայ է մարտնչել ֆաշիզմի դեմ ռազմաճակատներում և Խորհրդային բանակի շարքերում։ Նրանցից 300 հազարը տուն չի վերադարձել։ Սա հայ ժողովրդի հսկայական զոհաբերությունն է հանուն ընդհանուր Հաղթանակի։
Հայաստանը Խորհրդային Միությանը տվել է նշանավոր զորավարներ, անվանի հրամանատարներ ու հերոսներ։ Պատմության մեջ ընդմիշտ գրվել են Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Գևորգի Ստեփանյանի, Խորհրդային Միության մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի և հայ ժողովրդի բազմաթիվ այլ փառապանծ զավակների անունները։
Նրանց սխրանքը մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր Հաղթանակի և ծանրագույն փորձություններում կոփված՝ ժողովուրդների եղբայրության անբաժանելի մասն է։
Հենց այս պատմական ճշմարտությունը, հերոսական անցյալի հիշողությունն ու ժողովուրդների բարեկամությունն է հետևողականորեն պաշտպանում Գագիկ Ծառուկյանը։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը սկզբունքորեն կարևորում է այս կապերի պահպանումը և անթույլատրելի է համարում ընդհանուր պատմությունը վերանայելու կամ 20-րդ դարի ծանրագույն փորձությունները ուս ուսի տված հաղթահարած ժողովուրդներին միմյանց դեմ հանելու փորձերը։
2026 թվականի նոյեմբերի 25-ին լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։ Սակայն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչն իր հոբելյանը դիմավորում է շարունակվող քրեական հետապնդման և կալանքի պայմաններում։
Համոզված ենք, որ խափանման միջոցի հարցը քննարկելիս պետք է բազմակողմանի հաշվի առնել նրա երկարամյա հասարակական գործունեությունը, ամուր սոցիալական կապերը և ճանաչվածությունը թե՛ երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության օրենքների պահպանման անհրաժեշտությունը։ Սակայն քրեական դատավարությունը չպետք է վերածվի քաղաքական պայքարի գործիքի, իսկ խափանման միջոցը՝ դառնա պատիժ մինչև դատավճռի կայացումը։
Անհրաժեշտ ենք համարում վերանայել Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որոշումը և նրա խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։ Այդ քայլը թույլ կտա ապահովել օրենքով սահմանված վերահսկողությունը դատավարական պարտավորությունների կատարման նկատմամբ՝ առանց նրան քննչական մեկուսարանում պահելու։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ապահովել օբյեկտիվ ու անաչառ քննություն, բացառել քաղաքական միջամտությունը իրավապահ և դատական մարմինների աշխատանքին, ինչպես նաև երաշխավորել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։
Մենք նաև անթույլատրելի ենք համարում, որ քրեական հետապնդման հետևանքով տուժեն աշխատանքային կոլեկտիվները, խաթարվի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, վտանգի տակ դրվեն աշխատատեղերը, ինչպես նաև սոցիալական ու բարեգործական ծրագրերի իրականացումը։
Այսօր Հայաստանին անհրաժեշտ են հասարակական համերաշխություն, քաղաքական կայունություն, տնտեսության զարգացում և հասարակության բոլոր արարող ուժերի համախմբում։ Քաղաքական տարաձայնությունները չպետք է խոչընդոտ դառնան ժողովրդի հրատապ խնդիրների լուծման համար։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը համերաշխություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքին, աշխատանքային կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս օրինականության պահպանման, արդարության և քաղաքացիական իրավունքների հարգման օգտին։
Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի բարօրությանն ուղղված նրա բազմամյա գործունեությունը, տնտեսության և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրումը, պատմական հիշողության, եղբայրական ժողովուրդների բարեկամության և համագործակցության պաշտպանության հարցում նրա հետևողական դիրքորոշումը։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դրսևորել պետական իմաստնություն, ապահովել գործի արդար քննությունը և որոշում կայացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին։
Օրինականությունն ու արդարությունը, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը, պատմական հիշողության և ժողովուրդների եղբայրական բարեկամության պահպանումը սկզբունքներ են, որոնք մենք մշտապես պաշտպանում ենք»։
ԿԿՄ-ԽՄԿԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- Աբխազիայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
- Բելառուսի կոմունիստական կուսակցություն
- Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցություն
- Ղազախստանի կոմունիստական կուսակցություն
- Ղրղզստանի կոմունիստների կուսակցություն
- Լատվիայի կոմունիստական կուսակցություն
- Լիտվայի կոմունիստական կուսակցություն
- Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն
- Մերձդնեստրի կոմունիստական կուսակցություն
- Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
- Տաջիկստանի կոմունիստական կուսակցություն
- Թուրքմենստանի կոմունիստական կուսակցություն
- Ուզբեկստանի կոմունիստական կուսակցություն
- Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն
- Էստոնիայի կոմունիստական կուսակցություն
- Հարավային Օսիայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն։
2026 թվականի նոյեմբերի 25