Ռուսաստանն ու Էստոնիան բացահայտ պատերազմի շեմին են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ու Էստոնիան գտնվում են բացահայտ պատերազմի սանձազերծման շեմին։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Մոսկվայում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգիին կանչելուց հետո։
Ռուսական կողմը Տալլինին վճռական բողոք է հայտնել դեկտեմբերի 1-ից ռուս-էստոնական սահմանին գործող բոլոր հինգ ավտոմոբիլային անցակետերը փակելու որոշման կապակցությամբ։ Մոսկվայում այս քայլը որակել են որպես հերթական ոչ բարեկամական գործողություն, որը տեղավորվում է Էստոնիայի իշխանությունների թշնամական քայլերի շարքում։
ՌԴ ԱԳՆ-ում պնդում են, որ Էստոնիան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային և լռելյայն տրամադրում է իր օդային տարածքը՝ ռուսական հյուսիսարևմտյան շրջաններին հարվածող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար։ Գերատեսչության պնդմամբ՝ ռուսական կողմը բազմիցս արձանագրել է նման դեպքեր։
Մոսկվայի մտահոգության մեկ այլ պատճառ է դարձել Տալլինի գործողությունները Բալթիկ ծովում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ Էստոնիան փորձում է խոչընդոտներ ստեղծել ռուսական բեռնատար նավերի տեղաշարժի համար՝ փաստացի ձգտելով Ռուսաստանի ծովային շրջափակմանը։