Խտրականությունից պաշտպանության մարմնի կարգավիճակ կվերապահվի ՄԻՊ-ին. օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ-ում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է նախագծի հիմնական դրույթները։
«Խտրականության արգելքը տարածվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա և տարածվում է բոլոր տեսակի պաշտպանվող հատկանիշների վրա, որոնք նախկինում ՀԿ-ների հետ քննարկել ենք»,- նշել է Աննա Կարապետյանը։
Թվարկելով այդ հատկանիշները՝ փոխնախարարը նշել է էթնիկ պատկանելությունը, ռասան, լեզուն, կրոնը և մաշկի գույնը։
Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում նախագծում ավելացվել են նաև որոշակի խմբեր։
«ՄԻՊ-ին վերապահվում է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի մանդատը՝ խտրականության իրավահավասարության մարմնի կարգավիճակը»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ ՄԻՊ-ը հնարավորություն կունենա քննարկելու նաև կազմակերպությունների ներկայացրած բողոքները, ինչպես նաև մշտադիտարկում իրականացնելու և օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու։
Նախագծով ՄԻՊ-ին վերապահվում է նաև կողմերի մասնակցությամբ հաշտարարություն իրականացնելու գործառույթ։ Բացի այդ, Պաշտպանը իրավունք կունենա դիմելու դատարան, եթե խտրականության վերացման պահանջը չի կատարվել։
Աննա Կարապետյանը հավելել է, որ խտրականության կանխարգելման մասին օրենքի ընդունումը Հայաստանի համար նախատեսված է նաև որպես նախապայման՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում։