Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Դեռեւս անցյալ տարի իշխող կուսակցությունը` ՔՊ-ն, դիմել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ ԵԺԿ-ին անդամակցելու համար։ Մենք գրել էինք, որ այս դիմումից առաջ ՔՊ-ում տեւական քննարկումներ էին նախորդել, գաղափարազուրկ այս խմբակում չէին կողմնորոշվում, թե որ եվրոպական քաղաքական ընտանիքի շարքերը համալրեն։ Իշխող կուսակցության հայտն ի սկզբանե տարօրինակ էր, քանի որ «իզմ»-եր չունեցող կուսակցությունը հատկապես հեռու է պահպանողականությունից, քրիստոնեադեմոկրատականությունից եւ մնացյալ արժեքներից, որոնց հիման վրա ստեղծվել է Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, եւ տարօրինակ է նաեւ այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծված ջերմ հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը Եվոպական դեմոկրատների եւ լիբերալների ալյանսի՝ ԱԼԴԵ-ի անդամ է։ Բայց ՔՊ-ն ԵԺԿ-ին դիմել է երկու պատճառով, այնտեղ ներկայացված է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը բավականին արդյունավետ աշխատել է այս տարիներին: Իսկ նախկինացավով տառապող Փաշինյանն այս հարցում եւս փորձում է ՀՀԿ-ին զրկել իր դիրքից, եւ երկրորդ՝ ԵԺԿ-ն է ԵՄ-ում իշխող կուսակցությունը, Փաշինյանը, ըստ ամենայնի, իր թիմի «պրեստիժի» համար է փորձում խցկվել այդ ընտանիք։
Սակայն, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տարի օդում կախված ՔՊ-ի հայտի վրա ստվեր են նետել հայաստանյան վերջին իրադարձությունները։ Որքան էլ Փաշինյանի աշխարհաքաղաքական խաղերի համար եվրոպացիները, հատկապես՝ գլոբալիստները, բարյացակամ են նրա նկատմամբ, միեւնույն է` վերջին աղմկահարույց դեպքերը ստվեր են նետել եւ խնդիրներ առաջացրել ԵԺԿ-ին անդամակցության հետ կապված հարցում: Եվ ոչ միայն ԵԺԿ-ի ներսում, այլեւ առհասարակ ԵՄ-ի հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է մեզ։ Խոսքը մասնավորապես խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմադիրների դեմ մղած աթոռամարտի մասին է, որը, ի դեպ, լայն տարածում գտավ նաեւ միջազգային մամուլում, ինչպես նաեւ՝ Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գեւորգյանի` կալանավայրում ողբերգական մահվան մասին: Իսկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Փաշինյանի մոլագար հարձակումները, որն անգամ լրագրողական եվրոպական ֆեդերացիայի արձագանքին արժանացան, եվրոպացիներին ուղղակի ապշեցրել են։
Տեղեկություններ կան, որ նախօրեին կառավարությունում հյուրընկալված ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձել է այս խնդիրները հարթել, ինչ-որ բան բացատրել: Բայց մեր աղբյուրներն ասում են, որ ԵԺԿ-ին անդամակցելու գործընթացը դժվար թե տեղից շարժվի, որովհետեւ ոչ միայն իր անձնական եւ իր կուսակիցների վարքագիծն է դրան խանգարում, այլեւ դրա դեմ արդեն մեկ տարի է՝ պայքարում են նաեւ ՀՀԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», որոնք վաղուցվանից ԵԺԿ անդամ են։
Եվրոպացիները որքան էլ բարեհաճ են Նիկոլ Փաշինյանի հանդեպ եւ այս տարիներին աչք են փակել նրա թույլ տված բազում անօրինությունների վրա, շատ բան են ներել հակառուսականության պատճառով, բայց ամեն ինչ սահմաններ ունի` եվրոպացիները չեն ուզում շատ վարկաբեկված կուսակցությանն ընդունել իրենց շարքերը։ Դրա մասին է վկայում ԵԽԽՎ դիտորդների՝ հունիսի 7-ի ընտրությունների մասին նախնական զեկույցը, որում հստակ քննադատություն կար իշխանությունների հասցեին, եւ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության զեկույցը, որը վերաբերում է մարդու իրավունքներին աշխարհում, եւ որտեղ Հայաստանին վերաբերող հոդվածներում, թեպետ դիվանագիտական լեզվով, բայց կրկին հստակ գնահատականներ կան տարբեր խնդիրների վերաբերյալ։