Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա. մեկնաբանում է Կոստանյանը
Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում և ավելի երկար ժամանակահատվածում կուտակված խնդիրները։ Դրա մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով դեկտեմբերի 3-ին նախատեսված՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
«Մեր օրակարգը, ինչպես արդեն հայտարարվել է, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում կամ ավելի երկար ժամանակահատվածում կուտակված խնդիրները վերանայելն է։ Այդ վերանայումն ուղղված է հարաբերությունների առողջացմանն ու առաջ շարժվելուն»,- ասել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ ճգնաժամ ստեղծել երկկողմ կապերում։
«Մենք որևէ կերպ մտադիր չենք խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճգնաժամ ստեղծել այդ հարաբերություններում կամ այրել կամուրջները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերը»,- հայտարարել է պաշտոնյան։
Կոստանյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ևս նման ընկալմամբ է մոտենում հանդիպման նախապատրաստմանը, և բանակցությունները կանցնեն գործընկերային մթնոլորտում։
«Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները նույնպես նման տրամաբանությամբ են մոտենում այս հանդիպման նախապատրաստմանը, և Մոսկվայում քննարկումները կանցնեն հենց գործընկերային մթնոլորտում»,- հավելել է նա։