Մոսկվան և Դուշանբեն քննարկել են ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու հարցը
Ռուսաստանն ու Տաջիկստանն անցկացրել են միջարտգործնախարարական խորհրդակցություններ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակում փոխգործակցության հարցերի շուրջ, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Դուշանբեում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան դեպարտամենտների տնօրենների մակարդակով։
Կողմերը մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով նաև նոյեմբերի 11-ին Մոսկվայում անցկացված՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները։
Խորհրդակցությունների մասնակիցներն ընդգծել են 2027 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելիս շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նրանք անդրադարձել են Տաջիկստանի նախագահության առաջնահերթություններին, որոնք ավելի վաղ նախանշել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Բացի դրանից, կողմերը քննարկել են հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի դեկտեմբերյան նիստի և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Խորհրդակցությունների արդյունքներով մասնակիցները հաստատել են ինտեգրացիոն համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ դիրքորոշումների մոտ լինելը և ընդգծել տարածաշրջանային միավորումների շրջանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատանքի հետագա համակարգման կարևորությունը։