Ղափանցյան փողոցի շինհրապարակը պատշաճ չկահավորելու համար կապալառուն տուգանվել է․ ի՞նչ կապ ունի ՀԷՑ-ը աշխատանքների հետ և ե՞րբ դրանք կավարտվեն
Օրերս Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի բնակիչներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ փողոցում իրականացվող շինաշխատանքների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը և, անգամ, Շտապ օգնության մեքենան չի կարողացել անցնել:
Ու քանի որ ստեղծված իրավիճակը անհարմարություններ և դժվարություններ են առաջացնում բնակիչների համար, ուստի NEWSPRESS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվում փողոցում, ինչու են դրանք դադարեցվել և մինչև երբ են դրանք անհարմարություններ պատճառելու բնակիչներին:
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ պատվիրատուն ոչ թե Երևանի քաղաքապետարանն է, այլ ՀԷՑ-ը, որը իրականացնում է ինչ-որ լուսավորման աշխատանքեր:
Միևնույն ժամանակ մեզ հայտնեցին, որ շինհրապարակը պատշաճ չկահավորելու համար կապալառու ընկերությունը տուգանվել է՝ ենթարկվելով տյուժի։
Հարցին, թե թե մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացվում և երբ կվերսկսվեն աշխատանքերը, քաղաքապետարանից չմեկնաբանեցին, նշելով, որ պատվիրատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է և հորդորեցին այդ հարցերի պատասխաններն ստանալ ՀԷՑ-ից։
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան, ՀԷՑ-ից հայտնեցին, որ շխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Դրանց ժամանակավոր դադարեցումը պայմանավորված էր եղանակային անբարենպաստ պայմաններով։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել առաջիկա 2-3 օրվա ընթացքում։
Արմինե Մկրտումյան