Զանգեզուրի միջանցքը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև
Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող Զանգեզուրի միջանցքը կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։
Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իգդիրի համալսարանի կազմակերպած «Մետաքսի ճանապարհի վերածնունդը» խորագրով Կովկասի միջազգային համագումարի մասնակիցներին հղած ուղերձում։
Ինչպես նշել է Ալիևը, նախագիծը նաև հնարավորություն կտա ընդլայնել Միջին միջանցքի հնարավորությունները, զարգացնել միջազգային առևտրատնտեսական և լոգիստիկ կապերը և վերակենդանացնել պատմական Մետաքսի ճանապարհը։
Ալիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ իրականացրած լայնածավալ նախագծերը, որոնք իրենց աշխարհագրական շահեկան դիրքի շնորհիվ կամուրջի դեր են կատարում Եվրոպայի և Ասիայի միջև, հիմնովին փոխել են Հարավային Կովկասի և ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային քարտեզը։