Ադրբեջանի դրոշը Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար. Էրդողան
Ադրբեջանի դրոշը, որը ծածանվում է Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում, հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար։ Ինչպես միասին կիսեցինք Ղարաբաղում հաղթանակի բերկրանքը, այնպես էլ վճռականորեն կաշխատենք հանուն Կովկասում խաղաղության և բարեկեցության։
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի Իգդիր քաղաքում անցկացվող Կովկասի միջազգային համագումարի մասնակիցներին հղած ուղերձում։
Թուրքիայի նախագահի ուղերձում նշվում է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի տրանսպորտային կապը ոչ միայն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև հաղորդակցության համար։
«Պատմության ողջ ընթացքում Թուրքիան Կովկասի տարածաշրջանի հետ կիսել է թե՛ նրա վիշտը, թե՛ ուրախությունը։ Հենվելով մեր ընդհանուր պատմության ընձեռած ուժի վրա՝ մենք ցանկանում ենք ապագա սերունդներին փոխանցել մի տարածաշրջան, որտեղ կտիրի խաղաղության և կայունության մթնոլորտը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։