Լեհաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական հերթական անօդաչու թռչող սարքը
Ռուսական անօդաչու թռչող սարքը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք և այնտեղ կարճ ժամանակ է գտնվել։ Այս մասին հայտնել են Լեհաստանի զինված ուժերը X սոցիալական ցանցում։
Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող թիրախների ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած հարձակման ժամանակ։ Գրառման համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ռադարների միջոցով հետևել է անօդաչու թռչող սարքի տեղաշարժին։
Հաղորդվում է, որ հրաման է տրվել ոչնչացնել օբյեկտը։ Սակայն այն բանից հետո, երբ անօդաչուն փոխել է ուղղությունը դեպի արևելք, որոշվել է հրաժարվել զենքի կիրառումից՝ անօդաչուի ոչնչացման հնարավոր հետևանքով խաղաղ բնակչության համար վտանգը կանխելու նպատակով։
Նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Լյուբլինի նահանգում իշխանությունները օդային տագնապ էին հայտարարել։ Երկրի հարավարևելյան սահմանամերձ շրջանների բնակիչներին կոչ էր արվել պատսպարվել ապաստարաններում: