«Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահ է, որ եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա տնտեսությունում: Իր համոզմունքը նա բացատրում է այսպես.
-Առաջինը, ինչ-որ մաս պետությունը կփորձի բյուջեով սուբսիդավորել: Երկրորդ տարբերակը, որ եթե նույնիսկ մենք պետք է տարեկան շուրջ 700 մլն դոլար վճարենք գազի գնի համար, ապա մենք կարող ենք երկու տարի շարունակաբար հանգիստ մեր արտաքին պարտքը ավելացնել, այսինքն` այդ գումարը պարտք վերցնել միջազգային բանկերից:
Հիմա մեր ներքին ու արտաքին պարտքը 15 մլրդ–ի շուրջ է, որը ՀՆԱ-ի 50 կամ 53 տոկոսն է: Բայց, ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, սա մինչեւ 60 տոկոս հասցնելը՝ այսինքն` մոտ 18 մլրդ պարտք ունենալը, ընդհանրապես ռիսկային չէ:
Առնվազն 2-3 մլրդ դոլար այդ պարտքը ավելացնելու տեղ ունենք՝ մեր այսօրվա ՀՆԱ-ի ցուցանիշով ու այն հանգամանքով, որ 6 տոկոս տնտեսական աճ տարեվերջին, այնուամենայնիվ, կունենանք:
Մեր կառավարությունը կարող է 400-500 մլն այս տարի կամ մյուս տարի վարկ վերցնել, բայց զուգահեռ մենք պետք է քայլեր կատարենք, որ անընդհատ այս ձեւով չշարունակվի: Այսինքն, անցնենք ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառմանը, օրինակ՝ արեւային էլեկտրակայանների կուտակիչների ձեռքբերման ճանապարհով արեւային էներգիան օգտագործենք նաեւ գիշերները:
Ճիշտ է, մեր բյուջեն հիմա սուբսիդավորում է տարբեր նախագծեր, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների լուծման համար, սակայն, կարծում եմ, գազի համար էլ ինչ-որ գումար կգտնվի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում