Կատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ
Կատարի իշխանությունները ջանքեր են գործադրում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։
Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
«Մենք Իրանի և Միացյալ Նահանգների հետ միասին ձգտում ենք վերսկսել բանակցային գործընթացը»,- ասել է նա։
Կատարի վարչապետն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը չի դիմանա ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրացմանը։ Անդրադառնալով Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերություններին՝ նա նշել է, որ Դոհան ձգտում է ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
Կատարը ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առանցքային միջնորդներից մեկն է։ Նոյեմբերի 23-ին շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը քննարկել են սպառնալիքների կանխարգելման և Մերձավոր Արևելքում կայունության ապահովման հարցերը։