ՀԱՊԿ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերը
Ռուսաստանի նախագահությամբ Կազանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգող խորհրդի 28-րդ նիստը։
Նիստին մասնակցել են Թաթարստանի Հանրապետության ղեկավարությունը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, Տաջիկստանի նախագահի առընթեր Թմրամիջոցների վերահսկման գործակալության, Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։
Վալերի Սեմերիկովն իր ելույթում նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական և քրեածին իրավիճակի արագ փոփոխությունների ու դրանց սրման միտումների պայմաններում թմրամիջոցների շրջանառության ոլորտում շարունակում է բարդ իրավիճակ պահպանվել ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքով պայմանավորված՝ թմրամիջոցների խնդիրը մշտապես գտնվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի պահանջարկի, արտադրության և մաքսանենգության, թմրաբիզնեսից ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի գործնական միջոցառումներին, ինչպես նաև համակարգող խորհրդի գործունեությանն ու «Կանալ» հատուկ գործողության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։