Մարդու իրավունքների պաշտպանությունն ու այդ ոլորտի խթանումը Կառավարության առաջնահերթություններից են
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Լատվիայի մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լատվիայի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Կարինա Պալկովան նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բավականին ուժեղ է, և կարևորել երկու երկրների համանուն գրասենյակների համագործակցության հետագա զարգացումը։
Սարգիս Խանդանյանը տեղեկություններ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ՄԻՊ-ն ընտրվում է խորհրդարանի կողմից և յուրաքանչյուր տարի հաղորդում է ներկայացնում Ազգային ժողովին, ինչը չափազանց կարևոր է։
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ներկայումս խորհրդարանում քննարկվող՝ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև խոսել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների մասին։