Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով՝ պատգամելով հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, մեր ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։
Անդրադառնալով քահանայական ծառայության բարձր կոչմանը՝ Հայոց Հայրապետը նորընծաներին թելադրեց Ավետարանի հետևողական քարոզությամբ և ուսուցմամբ զորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը չլինի սոսկ ժառանգված ավանդություն, այլ՝ անձնական համոզմունք և կենդանի ապրում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին հովվական մշտարթուն խնամքով ու բարի օրինակով առավել ամրապնդել Եկեղեցի-հասարակություն կապը և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերելքին և Մայր Եկեղեցու պայծառությանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորընծաներին։