Ղափանցյան փողոցում շինարարությունը կաթվածահար է արել երթևեկությունը, անգամ Շտապ օգնության մեքենան չի կարողացել անցնել (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Ղափանցյան փողոցում արդեն մի քանի օր է՝ երթևեկությունը կաթվածահար է։ Փողոցում առաջացած խցանումները չեն դադարում։ Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգել են թաղամասի բնակիչները։
Նրանց փոխանցմամբ՝ խցանումները սկսվում են Ադոնցի փողոցից, շարունակվում Ղափանցյան փողոցով և հասնում մինչև Թբիլիսյան խճուղի։
«Անգամ շտապօգնության մեքենան չկարողացավ անցնել փողոցով։ Մարդ էր վատացել, բայց չկարողացան մոտենալ նշված հասցեին»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ իրավիճակն արդեն մի քանի օր է՝ անկառավարելի է։ Խցանումների պատճառը փողոցի ողջ երկայնքով իրականացվող շինարարական աշխատանքներն են։ Առանց այդ էլ նեղ փողոցը քանդման աշխատանքների հետևանքով ավելի է նեղացել, ինչի պատճառով էլ երթևեկությունը գրեթե անհնար է դարձել։
«Քանդել են ու թողել. ո՛չ սարքում են, ո՛չ էլ փոսերը լցնում»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Խնդրով մտահոգված բնակիչները մի քանի անգամ զանգահարել են քաղաքապետարան, սակայն, նրանց խոսքով, խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։
Այսօր ևս, հերթական անգամ, քաղաքապետարան զանգահարելիս բնակիչներին հայտնել են, որ խնդիրը գրանցված է, և դրանով կզբաղվեն։
«Ե՞րբ կզբաղվեն, քանի օր է՝ էս վիճակն է ու ոչ մի գործ չեն անում։ Խայտառակություն է, մինչև ե՞րբ կարելի է այս վիճակով գնալ-գալ»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը։
Խնդրին հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի ուշադրությանը՝ ակնկալելով հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել այն և վերականգնել Ղափանցյան փողոցի բնականոն երթևեկությունը։
NEWSPRESS.am-ը հետևողական կլինի խնդրի լուծման և ճանապարհի երթևեկության կարգավորման հարցում քաղաքապետարանի աշխատանքին։
Տեսանյութն՝ այստեղ
Արմինե Մկրտումյան