Բաքուն դրական է գնահատել Հայաստանի Սահմանադրության նախագծում տարածքային պահանջների բացակայությունը. Բայրամով
Ադրբեջանը ողջունում է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։ Այս մասինմասին Բաքվում Իտալիայի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
«Համաձայնագիրը բաց է հանրության համար, այն հրապարակվել է։ Մենք այն ժամանակ հստակ արտահայտել ենք Ադրբեջանի դիրքորոշումը և հիմա էլ կրկնում ենք այն։ Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Երբ դա տեղի ունենա, դա բացառապես Հայաստանի ներքին գործն է»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվում. «Վարչապետ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը: Ես կխուսափեի Հայաստանի սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, քանի որ դա ներքին հարց է: Մեր միակ մտահոգությունն այն է, որ նոր նախագիծը չպարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Նոր նախագիծը, ըստ երևույթին, չի պարունակում այս դրույթը, և մենք դրան դրական ենք վերաբերվում»:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի ներսում սահմանադրական գործընթացի ավարտի ժամկետները կախված են երկրի ղեկավարությունից և հասարակությունից.
«Երբ այս հարցը լուծվի, նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն լինի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։