Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ անցկացվում են «Məharət – IV» համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններն անցկացվում են Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։ Դրանց մասնակցում է երկու երկրների ավելի քան 100 զինծառայող։
Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների համագործակցությունը ռազմական կրթության և մարտական պատրաստության ոլորտներում, կատարելագործել հրամանատարների՝ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև փոխանակել փորձ շտաբային գործունեության և գործողությունների պլանավորման բնագավառներում։
Նշենք, որ «Məharət – IV» համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 28-ը։