«Ընտրություններ է ուզում, թող հենց վաղը հրաժարական տա»․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմությունը մերժում է սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ 6 քվեի ապահովման առաջարկը, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Նա վերահաստատեց, որ Փաշինյանի հետ բանակցություններն իրենց համար բացառված են։
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններ կամ հանրաքվե նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
«Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ. դա ահաբեկչին բնորոշ գործողություն է»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հորդորեց Փաշինյանին իրականացնել իր հնչեցրած երկրորդ սպառնալիքը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
«Ընտրություննե՞ր է ուզում, զադերժկան ինչումն է, թող հենց վաղը հրաժարական տա»,- ասաց Խաչատրյանը։