ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը Պեն
ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական հակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի հարցում կա ընդամենը երեք ելք՝ կա՛մ ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտության մեջ, և դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, կա՛մ հակամարտությունը կձգձգվի տարիներով, կա՛մ բոլոր երկրները կհասկանան հետևանքները»,- գրել է նա։
Խոսելով հակամարտության ձգձգման մասին՝ նա այն համեմատել է Հարյուրամյա պատերազմի հետ։ Քաղաքական գործիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է, մասնավորապես, ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքներին, որոնք, նրա խոսքով, անդրադառնում են ամբողջ աշխարհի գործերի վիճակի վրա։
«Եթե ինձ ընտրեն հանրապետության նախագահ, ես կխոսեմ բոլորի հետ»,- հավելել է նա։
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլի 18-ին։ Եթե այդ օրը պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, ընտրողների առավելագույն աջակցությունը ստացած երկու թեկնածուները կմասնակցեն մայիսի 2-ին կայանալիք երկրորդ փուլին։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիայում» մշակվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, որոնք նախատեսում են նաև զորակազմերի ուղարկում հակամարտության ավարտից հետո։ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների ներկայությանը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովումը «ուկրաինական տարածքի որևէ հատված օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի» միջոցով ՌԴ-ի համար անընդունելի կլինի։