Ուկրաինական անօդաչուները հարվածել են Պերմ քաղաքի «ЛУКОЙЛ» նավթավերամշակման գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Պերմ քաղաքում գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Պերմի երկրամասում անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմը հայտարարվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 6։30-ին։ Քաղաքի բնակիչները հայտնել են անօդաչուների թռիչքի ձայների, շչակների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետևանքով առաջացած պայթյունների մասին։ Դրանից հետո արդյունաբերական գոտու երկնքում բարձրացել է ծուխ:
Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հաստատել է արդյունաբերական օբյեկտի վնասման փաստը՝ չհստակեցնելով դրա անվանումը։ Իշխանությունների նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Մոնիթորինգային ալիքների և տեղական հանրային էջերի տեղեկություններով՝ ձեռնարկության տարածքում հրդեհի մի քանի օջախ է արձանագրվել։
«ԼՈՒԿՕՅԼ» ՍՊԸ-ն Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից է, որի տարեկան հզորությունը գերազանցում է 13 միլիոն տոննա նավթը։