«Նոր Սահմանադրությունը ոչ միայն ալիևյան է, այլև բռնապետական պետության միտումներ է պարունակում»․ Տիգրան Աբրահամյան
Սահմանադրության նախագիծն արդեն հրապարակվել է, և այն, ինչի մասին խոսում էինք, իրականությանը համապատասխանում է․ նախաբանից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, ինչը, անկասկած, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի Անկախության հռչակագրին հղումից, նախաբանից մի շարք այլ դրույթներ են հանվել, օրինակ՝ քաղաքացիական համերաշխության մասին դրույթը։ Հայ ժողովրդի փոխարեն նոր նախագծում «ՀՀ ժողովուրդ» է նշվում։ Սա վկայում է այն մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն հայ ժողովրդի հետ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նախագիծը դեռևս ուսումնասիրության փուլում է, սակայն արդեն կարելի է պնդել, որ այն, բացի ալիևյան սահմանադրություն լինելուց, պարունակում է նաև ոչ ժողովրդավարական և բռնապետական պետության ձևավորման միտումներ։
«Մենք, ինչպես որ պաշտպանել էինք և պաշտպանում ենք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, այնպես էլ պաշտպանելու ենք ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։