Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը. Քուշներ
Ռուսաստանի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինային Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին համարժեք անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, կարևոր առաջընթաց է և կարող է վկայել Մոսկվայի՝ խաղաղության հասնելու մտադրությունների լրջության մասին։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ դիտարկելու Ուկրաինային նման երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, առանցքային նշանակություն ունի կայուն խաղաղության հասնելու համար։
«5-րդ հոդվածին համարժեք հուսալի երաշխիքները, որոնք ամրապնդված կլինեն զսպման և ռազմական միջադեպերի կանխարգելման մեխանիզմներով, կարող են էապես նվազեցնել նոր պատերազմի վտանգը», — նշել է նա։
Քուշներն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշմանը, որ անվտանգության երաշխիքները պետք է հստակ ամրագրվեն փաստաթղթերով։
«Նախագահ Զելենսկին իրավացի է, որ այդ երաշխիքները պետք է լինեն կոնկրետ, հուսալի և հստակ ամրագրված փաստաթղթերով», — ընդգծել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Նա նշել է, որ խոսքը Միացյալ Նահանգների կողմից ստանձնելիք ամենակարևոր պարտավորություններից մեկի մասին է, ուստի դրանց տրամադրումը մանրակրկիտ քննարկում է պահանջում։
Քուշների խոսքով՝ առաջարկվող ցանկացած երաշխիք պետք է արժանանա Թրամփի հավանությանը՝ ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի և Կոնգրեսի պահանջների պահպանմամբ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կհամաձայնի նման քայլի միայն այն դեպքում, եթե այն համապատասխանի Միացյալ Նահանգների ազգային շահերին, իսկ անվտանգության նախատեսվող մեխանիզմները երաշխիքների կիրառումը դարձնեն խիստ անհավանական։
Քուշները նաև ընդգծել է եվրոպական անվտանգության գործող կառույցների ամրապնդման և այն մեխանիզմների թերությունների վերացման անհրաժեշտությունը, որոնք չեն կարողացել կանխել ներկայիս հակամարտությունը։