Կիևի մերձակայքում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել
Ուկրաինայի Կիևի մարզի Դիմեր բնակավայրում հինգհարկանի բնակելի շենքի վրա ռուսական հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ռուսական անօդաչու թռչող սարքը բնակելի շենքին հարվածել է նոյեմբերի 22-ի առավոտյան։ Հարվածի հետևանքով հինգհարկանի շենքի մուտքերից մեկը փլուզվել է, հրդեհ է բռնկվել։
Փրկարարները շարունակում են փլատակների հեռացման աշխատանքները և որոնում մարդկանց, որոնք կարող են գտնվել շենքի փլատակների տակ։
Ավելի վաղ փլատակների տակից հաջողվել էր փրկել յոթամյա տղայի, որը մոտ 14 ժամ մնացել էր փլուզված շենքի տակ։
Հարձակման հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։