Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերը թուլացել են, բայց Փարիզում և Մարսելում բախումներ են տեղի ունեցել
Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ վեցերորդ շաբաթօրյա բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է. տեղի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 2,2 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 9,8 հազարի դիմաց, հայտնել է Le Figaro-ն՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ այդ պահի դրությամբ երկրում անցկացվել էր բողոքի 44 ակցիա, մինչդեռ նախորդ շաբաթ օրը դրանց թիվը 78 էր։ Նվազել է նաև ձերբակալությունների թիվը. յոթ՝ նախորդ շաբաթվա 24-ի դիմաց։ Նախարարությունում իրավիճակն ընդհանուր առմամբ բնութագրել են որպես հանգիստ՝ առանց էական միջադեպերի։
Փարիզում, ոստիկանության վարչության տվյալներով, Հանրապետության հրապարակից մինչև Ազգի հրապարակ արտոնված ցույցին մասնակցել է 21,5 հազար մարդ։ Չնայած նախորդ շաբաթ օրերի համեմատ բողոքի ցույցերի մասշտաբների նկատելի կրճատմանը՝ Ազգի հրապարակում դեռևս բազմաթիվ մասնակիցներ կային։ Մինչև երթի ավարտը իրավիճակը հիմնականում հանգիստ էր, սակայն ցուցարարներին ցրելու ընթացքում բախումներ են եղել. իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել, աղբամանը բռնկվել է։ Հրդեհն արագ մարվել է։