Ալիևի թեզը՝ հայկական անձնագրերում․ ծննդավայրն «Ադրբեջան» նշելով՝ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին, նվաստացնում՝ արցախցուն
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշումը լուրջ հարցեր է առաջացրել։ Խնդիրը պարզապես վարչական ձևակերպման մասին չէ․ այն վերաբերում է մարդկանց պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը, ծննդավայրին և, իհարկե, արժանապատվությանը։
Արցախը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է։ Այն պատմական Մեծ Հայքի տասներորդ նահանգն էր։ Հայկական ներկայությունը տարածաշրջանում վկայված է դարերի պատմական աղբյուրներով։ 1989 թվականի խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 76,9 տոկոսը հայեր էին՝ շուրջ 145,5 հազար մարդ։
2023 թվականին Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, շուրջ 120 հազար արցախահայ բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրեց պաշտպանել տեղահանվածների անձնական փաստաթղթերը, ինքնության և սեփականության իրավունքները։
Բայց այս պատմության մեջ կա մի ուշագրավ հանգամանք։ Եթե ՀՀ իշխանությունները «Ադրբեջան» գրառումը հիմնավորում են միջազգային ստանդարտներով, ապա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի 9303 փաստաթուղթը ծննդավայրի դաշտը պարտադիր չի դարձնում և չի պահանջում անպայման նշել պետության անվանումը։
Այսինքմ՝ «Ադրբեջան» նշումը միջազգային պարտադիր պահանջ չէ, այլ Հայաստանի իշխանությունների ընտրած կարգավորման հետևանք։ Ասել է թե՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան բառը շեշտելը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքի դրսևորումն է, որով նա հավանաբար հերթական անգամ ցանկացել է հաճոյանալ իր քաղաքակիրթ գործընկեր Ալիևին։
Այսպիսով, Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքով են իրականացնում այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում է Բաքուն՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։
Հատկանշական է նաև, որ մինչև 2020 թվականի պատերազմը արցախցիների անձնագրերում ծննդավայրի դաշտում նշվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այդ ի՞նչ իրավական կամ վարչական աճպարարության արդյունքում է որոշվել, որ անձնագիրը փոխելիս մարդու ծննդավայրը պետք է դառնա Ադրբեջանը։ Սա իշխանությունների ընտրած քաղաքականության ևս մեկ դրսևորում է։
Փաշինյանի այս քաղաքականությունը, անկախ դրա հիմնավորման փորձերից, արցախցիների համար ընկալվում է որպես ոչ միայն իրենց պատմական ինքնության անտեսում, այլև նվաստացում։ Տպավորություն է ստեղծվում, որ այս կերպ Փաշինյանը փորձել է 2 հարց լուծել՝ մի կողմից հերթական անգամ հաճոյանալ Ալիևին, մյուս կողմից՝ արցախցիներին հասկացնել, որ իրենց հայրենիքի մասին հիշողությունն այլևս տեղ չունի պետական փաստաթղթերում։
Սակայն արցախցու ծննդավայրը Ադրբեջանի Հանրապետությունը չէ։ Այն Արցախն է՝ իր քաղաքներով ու գյուղերով՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Ակնան և մյուս բնակավայրերը։
Պետական փաստաթուղթը չի կարող դառնալ պատմական իրականությունը ջնջելու կամ քաղաքական զիջումները քաղաքացիների ինքնության հաշվին ամրագրելու գործիք։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերանայել այս կարգավորումը։
Տնավեր եղած արցախցին չպետք է ստիպված լինի իր ծննդավայրի մասին պետական փաստաթղթում կարդալ մի գրառում, որն իր համար ոչ միայն անընդունելի է, այլև նվաստացուցիչ։
Արմինե Մկրտումյան