Իրանը մտադիր չէ երկրից դուրս հանել հարստացված ուրանը. Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել մինչև 60% հարստացված ուրանի պաշարների շուրջ, սակայն բացառել է այդ նյութը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու հնարավորությունը։
Արաղչին նշել է, որ կողմերը կարող են մշակել ուրանի հարստացման հարցի կարգավորման արդար բանաձև։ Սակայն այդ խնդիրը պետք է լուծվի ավելի լայն համաձայնագրի շրջանակում, որը կապահովի Իրանի ազգային շահերի պաշտպանությունը։
Նախարարը նաև ընդգծել է, որ երկրի պաշտոնական միջուկային դոկտրինը մնում է անփոփոխ։
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարների մասին խոսելիս Արաղչին նշել է, որ Թեհրանը ձգտում է դուրս գալ ներկայիս փակուղուց, որը բնութագրել է որպես ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ, և կնքել լավ, արժանապատիվ ու երկարաժամկետ համաձայնագիր, որը կկանխի նոր զինված հակամարտությունը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է նաև, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են միջնորդների միջոցով առաջարկներ փոխանակել Քաթարի և Պակիստանի մասնակցությամբ։