Մասկը Զելենսկուն մեղադրել է Starlink-ի վերաբերյալ ստելու մեջ
Ուկրաինայում արբանյակային կապի շուրջ հակամարտությունը նոր թափ է ստանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Starlink ծառայությունում և դրա ռազմական՝ Starshield տարբերակում կրկին արագության սահմանափակումներ են մտցվել։ Դրա պատճառով ուկրաինացիները չեն կարողանում որսալ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը։ «Կարևոր է լինել պատմության ճիշտ կողմում։ Ուկրաինան օգնության կարիք ունի»,- կոչ է արել Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին միաժամանակ ակնարկել էր, որ արագության սահմանափակումների հարցում կասկածում է SpaceX-ի ղեկավարությանը։ Դրան հաջորդել է տեխնոլոգիական ոլորտի միլիարդատեր Իլոն Մասկի կտրուկ պատասխանը, հայտնում է Bild-ը։ New York Times DealBook գագաթնաժողովում ելույթի ժամանակ նա Ուկրաինայի նախագահին մեղադրել է ստելու մեջ։ «Չեմ ուզում ձեզ ցնցել, բայց Զելենսկին միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում»,- հայտարարել է Մասկը։
SpaceX ընկերության հիմնադիրը հավելել է, որ Ուկրաինան չարաշահում է Starlink-ը՝ այն օգտագործելով հարձակողական ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ SpaceX-ը հենց սկզբից դեմ է եղել դրան։ Մասկը ընդգծել է նաև, որ ռազմական խնդիրների համար նախատեսված է հատուկ՝ Starshield տարբերակը, իսկ այն գտնվում է նախագահ Դոնալդ Թրամփի և ռազմական գերատեսչության վերահսկողության ներքո։ Այսպիսով, Մասկը արագության սահմանափակումների պատասխանատվությունը կրկին դնում է Սպիտակ տան և Պենտագոնի վրա։