Իրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ Շահնազարյան
Ինքնավարության ներքին ճգնաժամի խորապատկերում՝ տարածաշրջանային ուժերի մրցակցությունն ու Հայաստանի ռազմավարական մարտահրավերները։
Մերձավոր Արևելքում 2026 թվականին ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ տարածաշրջանային հակամարտությունները թևակոխել են մի փուլ, որտեղ առանձին վարչատարածքային միավորներում ծավալվող գործընթացներն այլևս հնարավոր չէ դիտարկել որպես տեղային կամ ներքին խնդիրներ։ Էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունը, հաղորդակցային ուղիների վերադասավորումը և արտաքին ուժերի միջնորդավորված բախումները արմատապես վերափոխել են Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը՝ ստեղծելով ճգնաժամերի փոխկապակցված շղթա։
Այս խորապատկերում առանձնահատուկ նշանակություն է ստանում Իրաքյան Քրդստանում խորացող համակարգային ճգնաժամը։ Դրանում միահյուսվում են ներքին կառուցակարգային փակուղին, Բաղդադի հետ սահմանադրական ու տնտեսական առճակատումը և տարածաշրջանի գլխավոր դերակատարների՝ Իրանի, Թուրքիայի ու Իսրայելի ռազմավարական շահերի բախումը։ Ստեղծված իրավիճակը հերթական քաղաքական լարվածություն չէ, այլ կառուցվածքային շրջադարձ․ արտաքին անվտանգային երաշխիքների նահանջն ու ներքին էլիտաների պառակտումը ինքնավար միավորը կանգնեցրել են գոյաբանական ճգնաժամի առջև։