Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվել
Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին, Ուկրաինայի այլ քաղաքներին և մարզերին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ Դնեպր գետի վրայի երեք կամուրջներ հարվածների հետևանքով վնասվել են։
«Մայրաքաղաքի վրա բալիստիկ հարձակման հետևանքով վնասվել է Պոդոլսկո-Վոսկրեսենսկի կամրջային անցումը։ Այս պահին դրանով աջ ափից ձախ ափ երթևեկությունը փակ է»,- սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ վնասվել է նաև Դարնիցկի կամուրջը, նոր հարված է հասցվել Հարավային կամրջին, ինչպես նաև վնասվել է կրիտիկական նշանակության ենթակառուցվածքի ևս մեկ օբյեկտ։
Կլիչկոյի հաղորդմամբ՝ Հարավային կամրջով երթևեկությունը շարունակում է իրականացվել սահմանափակ ռեժիմով՝ միայն ձախ ափից աջ ափ և ավտոմեքենաների սահմանափակումներով։
Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել առանց ծայրահեղ անհրաժեշտության անձնական տրանսպորտով քաղաք դուրս չգալ։
Հարձակման է ենթարկվել նաև Տրիպոլիեի ջերմաէլեկտրակայանը։ Մշտադիտարկման ալիքների հաղորդմամբ՝ էլեկտրամատակարարման խափանումներ են արձանագրվել։ Հաղորդվում է նաև հարվածների մասին թիվ 5 ջերմաէլեկտրակենտրոնին և Հյուսիսային կամրջին։
Բացի այդ, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել Նիկոլաևի և նրա արվարձանների, Ժիտոմիրի, Վիննիցայի, Կրիվոյ Ռոգի, ինչպես նաև Լվովի, Օդեսայի, Խմելնիցկիի, Պոլտավայի, Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերի թիրախներին։