ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասին
Հորմուզի նեղուցում նավթատար լցանավը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։
Այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մոտ մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի արգելված գոտում սահմանված կանոնները խախտած նավթատար լցանավը պայթել է ծովային ականի վրա։ Դրա հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, և լցանավը կանգ է առել», — ասվում է հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավթատար լցանավի նավիգացիոն համակարգերն անջատված են եղել։
«Բոլոր նավերը, որոնք մտադիր են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս նեղուցով, պետք է նախապես համաձայնեցնեն իրենց գործողություններն Իրանի զինված ուժերի հետ, երթևեկեն թույլատրված ծովային ուղիներով և ողջ ճանապարհի ընթացքում միացված պահեն նույնականացման, հետևման և նավիգացիոն համակարգերը։
Այս պահանջների պահպանումը տվյալ ջրային ճանապարհով նավերի անվտանգությունն ու անցումն ապահովելու հիմնական պայմանն է», — հայտարարել են ԻՀՊԿ-ում։