Ջորջ Քլունին այցելել է Ցեղասպանության թանգարան
Aurora Prize մրցանակաբաշխության եզրափակիչ դուրս եկած մասնակիցները, հոլիվուդյան հռչակավոր դերասան Ջորջ Քլունին ու հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին այցելուներն էին:
Այցի ժամանակ նրանց ուղեկցում էր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, որը մանկակրկիտ պատմել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Հյուրերին նաեւ ցույց են տվել նոր էքսպոզիցիան, որը նվիրված է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիկանյանին, որի անունով էլ հենց կոչվում է մրցանակաբաշխությունը՝ նրա ընտանեկան լուսանկարները, անձնական իրերը, նրա գրքի հիման վրա նկարահանված ֆիլմից կադրեր ու այդ ֆիլմը գովազդող պաստառները:
Էքսպոզիցիան դիտելուց հետո խումբը միացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Օրվա առաջին կեսին թանգարան են արցելել նաեւ Aurora Prize-ի շրջանակում կազմակերպված միջոցառումների հարյուրավոր հյուրեր:
2015 թվականի ընթացքում թանգարան է այցելել ավելի քան 100 հազար մարդ:
Aurora Prize մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնի փրկիչներին: Հարյուր տարի առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակով պարգեւատրվելու են ժամանակակից հերոսները, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն ուրիշների փրկության: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են հայ ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը ու Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը: Մրցանակաբաաշխության արարողությունը կանցնի ապրիլի 24-ին Երեւանում: Հաղթողի անունը կհայտարարի Ջորջ Քլունին: