Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. Քուշներ
ԱՄՆ-ին հաջողվել է համոզել Մոսկվային, որ Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ ցանկացած համաձայնագիր հիմնված կլինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքների վրա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ելնում է այն դիրքորոշումից, որ Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք պետք է լինի ավելի լայն պայմանավորվածությունների մաս։
«Ես գիտեմ, որ Ռուսաստանում այս հայեցակարգին վերաբերվում են մեծ թերահավատությամբ և անվստահությամբ, բայց հենց այդ պատճառով էլ կարևոր է վերսկսել երկխոսությունը Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ ԱՄՆ-ի տեսանկյունից՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքների տրամադրումն իսկապես շատ կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը պատրաստ է դրան։ Սակայն, ակնհայտորեն, դա պետք է բխի Ամերիկայի շահերից, և մենք պետք է համոզվենք, որ այն ավելի լայն անվտանգության ապահովման միջոցառումների փաթեթի մաս է կազմում», — հավելել է նա։