Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով
Պորտուգալիայի Գուարդա շրջանի համայնքներից մեկում գործի է դրվել արտակարգ իրավիճակների պլան, երբ սողանքը վնասել է շենքեր և երկու մարդու զրկել կացարանից։ Տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Հորդառատ անձրևների հետևանքով Պենյաշ-Դուրադաշ հանգստավայրի հետ կապող միջպետական մայրուղու վրա տեղի ունեցած սողանքը փոխել է ջրահոսքի ուղղությունը, ինչի արդյունքում Գուարդա շրջանում ջրի տակ են անցել մի քանի բնակելի տներ։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության 120 աշխատակիցներ։ Իրավիճակը կարգավորելու համար գործի է դրվել ընդհանուր առմամբ 42 միավոր տեխնիկա։ Փրկարարական խմբերն ու քաղաքային ծառայությունները օգնություն են ցուցաբերում տուժած բնակիչներին և զբաղվում ջրհեղեղի ու սողանքների հետևանքների վերացմամբ։