Գերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասին
Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գերատեսչությունը (BSI) նախազգուշացրել է ոչ թանկ էլեկտրոնային սարքերի, դրանց թվում՝ հոսքային տեսանյութերի դիտման համար նախատեսված կցուրդների օգտագործմամբ կիբերհարձակումների թվի աճի մասին, հայտնում է DW-ն։
Գերատեսչության տվյալներով՝ կիբերհանցագործներն ավելի ու ավելի հաճախ են կոտրում նման գաջեթները և օգտագործում դրանք իրենց նպատակների համար։
Ըստ BSI-ի զեկույցի՝ մեկ տարվա ընթացքում Գերմանիայում վարակված համակարգերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ինտերնետ մատակարարներն ամեն օր գերատեսչությանը հայտնում են մոտ 75 հազար 400 վարակված սարքի մասին, ինչը 89%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ինչպես նշվում է զեկույցում, որոշ գաջեթներ վարակված են եղել դեռ արտադրության փուլում։
Հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը կապված է Android-ի հիմքով աշխատող սարքերի, առաջին հերթին՝ այսպես կոչված իրերի համացանցին միացված սպառողական էլեկտրոնիկայի հետ։
Հանցագործները կոտրված սարքերը վարձակալության են տալիս դարքնեթի միջոցով՝ դրանք միավորելով պրոքսի-բոտնետերում։ Դա չարագործներին հնարավորություն է տալիս քողարկել սեփական կիբերհարձակումները՝ ուրիշների գաջեթներն օգտագործելով որպես միջանկյալ հանգույցներ։ Արդյունքում սարքերի սեփականատերերը կարող են, առանց դրա մասին իմանալու, հայտնվել այդ հարձակումները քննող իրավապահ մարմինների տեսադաշտում։
BSI-ի ղեկավար Կլաուդիա Պլատները միաժամանակ նախազգուշացրել է կիբերհարձակումներում արհեստական բանականության կիրառմանն առնչվող սպառնալիքների մասին։
«Ավերիչ ներուժը, հատկապես բարձր արտադրողականությամբ գործակալային ԱԲ-ի դեպքում, նոր նշաձողեր է սահմանել»,- հայտարարել է Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գերատեսչության ղեկավարը։