44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ
Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և հանգամանորեն ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների շրջանակում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։
«2020թ․ 44-օրյա պատերազմը ամենամեծ փորձությունն էր, ինչի հետ առերեսվեց դատաբժշկական կենտրոնը, որի մասշտաբները՝ զոհերի և վիրավորների քանակները, մեծապես գերազանցեցին նույնիսկ ամենավատատեսական կանխատեսումները։ Զոհերի և վիրավորների մեծ քանակը պայմանավորված էր ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, ինչպես նաև հակառակորդի կողմից գերժամանակակից լետալ զինատեսակների գործադրմամբ: Մեկնարկած մարտական գործողությունների առաջին օրվանից դատաբժշկական կենտրոնի կողմից իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում և հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննություն և անճանաչելի դիակներից և մարմնամասերից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ առանձնացման և պրոֆիլավորման աշխատանքներ՝ հետագա նույնականացման նպատակով»,- ասաց Պետրոսյանը։
Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացման առաջին օրերից պարզ դարձավ, որ դատաբժշկական կենտրոնի ենթակառուցվածքների կարողությունները, մասնագիտական, կադրային ներուժը բավարար չեն մեծ թվով դիակների միաժամանակյա ընդունման, պահպանման և դիահերձման աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։