Այդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. Փաշինյան
«ԵԱՏՄ ընտրության հարցը, ըստ էության, մեր ներքին գործընթացների արդյունքում է դարձել օրակարգային։ Այսինքն՝ այդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Դուբլինում Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Եվրոպա կատարած այցերի և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված երեք այցերի միջև:
«Մենք էլ ենք ընդունում, որ այդպիսի հարց լինելու է, և այդպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է։ Մենք դա չենք էլ թաքցրել։ Հարցը այդ հանրաքվեի ժամկետների և դրա հարակից բովանդակության՝ բավարար չափով հասունացած լինելու մեջ է»,- պատասխանել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստան կատարելիք երեք այցերին՝ Փաշինյանը նշել է, որ ամեն տարվա վերջին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով տեղի են ունենում առաջնորդների հանդիպումներ։
«Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական, այսինքն՝ վարչապետերի ձևաչափով հանդիպում, որը նույնպես վաղուց պլանավորված հանդիպում է։ Այսինքն՝ երեքից երկուսն այդ ձևաչափով են։ Իսկ դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ այց կունենամ Մոսկվա, և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կունենանք քննարկումներ, հանդիպում։ Բիշքեկում էր, կարծեմ, հանդիպման արդյունքներով ասացինք՝ Ռուսաստանի նախագահն էլ ասաց, ես էլ ասացի, որ այս ընթացքում կլինի այց, որպեսզի ընթացիկ հարցերը քննարկենք»,- ասել է Փաշինյանը։