7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարին
2027 թվականի պետական բյուջեի նախագծով 7 միլիարդ դրամ է նախատեսվել Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման համար՝ որպես կանխավճար։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հղում անելով կառավարության՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմանը, նշել է, որ մեկ աղբյուրից գնում կատարելու մասին որոշմամբ նախատեսված կանխավճարի չափը կազմում է ընդամենը շուրջ 3 միլիարդ դրամ։
«Հարցն այն է՝ մյուս 4 միլիարդն ինչի՞ համար է նախատեսված»,- հարցրել է պատգամավորը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նախարարի պարզաբանմամբ՝ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, իսկ Իջևանում նոր մարզադաշտ է կառուցվում։
«Ձեր նշած գումարը վերաբերում է ոչ թե կանխավճարին, այլ արդեն ստադիոնների կառուցման համար է նախատեսված։ 3 միլիարդը պետք է վճարվի այս տարվա բյուջեից, իսկ եկող տարվա այդ գումարը վերաբերում է կառուցման և վերակառուցման աշխատանքներին»,- ասել է Անդրեասյանը։
Աբրահամյանը, սակայն, պնդել է, որ գումարների բաշխումը հստակ չէ։
«Բոլոր դեպքերում անհասկանալի է, թե ուր է գնում այդ գումարը»,- արձագանքել է նա։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը կրկին ընդգծել է, որ միջոցներն ուղղվելու են մարզադաշտերի կառուցմանն ու վերակառուցմանը։