Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում
Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համատեղ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ գոհունակություն հայտնելով Սուրբ Գրքի ուսումնասիրման գործում սաների ցուցաբերած ջանասիրության առնչությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր կրթության դերը մանուկների ու պատանիների քրիստոնեական և ազգային նկարագրի կերտման կարևոր առաքելության մեջ՝ հորդորելով սաներին սերտել Սուրբ Գիրքը և Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրական օրհնությունը՝ մաղթելով, որ զորանան հավատքի մեջ, լինեն ազգի արժանավոր զավակներ, սիրով շարունակեն ուսումը և իրենց գիտելիքներն ու շնորհները ծառայեցնեն մեր ժողովրդի և հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։